Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Կորցնում են հետաքրքրությունը՝ աշնան խամրող գույների պես

Կորցնում են հետաքրքրությունը՝ աշնան խամրող գույների պես
23.10.2013 | 17:05

Վերջին օրերին մամուլին ու սոցցանցերին հետևողների համար կա երկու հիմնական թեմա՝ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ պատվիարկության անդամի կարգավիճակից զրկելը և ԱԺ պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանի ու Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի միջև փոխհրաձգությունը: Թե ինչ է շահում ՀՀ քաղաքացին այդ տեղեկատվության արտահոսքից, դրանց շուրջ պտտվող անվերջանալի քննարկումներից՝ պարզից էլ պարզ է: Երբ քաղաքական խնդիրներ չես կարողանում առաջադրել ու հասնել դրանց լուծմանը, երբ հայ-թուրքական հարաբերությունները, Ղարաբաղի հարցը, արտագաղթը, սոցիալ-տնտեսական աղետալի վիճակը, դատարկվող գյուղերը այլևս ոչ մի հեռանկարի տեղ չեն թողնում, մնում է իրար դեմ հանել «քաղաքական» տիտաններին, որոնք հավակնությունների, միմյանց հետ մինչև վերջ չպարզված հարաբերությունների, դրանք «ջրի երես» հանելու խնդիրներ ունեն: Ով ում ինչ ասաց, ով ում հակադարձեց, որ բարձր ինտոնացիայով իր հետ ոչ ոք չի կարող խոսել, ԱԺ-ում տարբեր կուսակցություններ ներկայացնող հինգ հոգանոց խմբակցությունն այսուհետ ով կղեկավարի. սրանք «քաղաքական» կոչվող կյանքի այսօրվա ներկապնակն են, որոնց խամրող գույներն այլևս չեն հետաքրքրում ՀՀ քաղաքացուն:

Վաղն էլ կպարզվի, որ մեկ ուրիշ օլիգարխ նեղացած է ԱԺ մեկ այլ պատգամավորից, մեկ այլ նախարար մեկ ուրիշի հետ խնդիրներ ունի: Եվ հետո դրանք կդառնան համազգային քննարկման թեմա, մամուլի սուղ էջերը կզբաղեցնեն, մինչև... հաջորդ ներքաղաքական ինտրիգներ ու հարաբերությունների պարզաբանում:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1578

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ